Jump to content

Մարտունի (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Գյուղ
Մարտունի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ և Կրասնոսելսկի շրջան
ԲԾՄ1900 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն521[1] մարդ (2020)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մարտունի (գյուղ) (Հայաստան)##
Մարտունի (գյուղ) (Հայաստան)
Մարտունի (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)##
Մարտունի (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)

Մարտունի, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում, Ճամբարակ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արմուտք, Գետիկ գետի երկու ափերին։

Հիմնադրվել է 1921 թվականին։ Գյուղում բնակություն են հաստատել Մեծ եղեռնի տարիներին Արևմտյան Հայաստանից՝ Կարսից, Մուշից, Վանից, Կարինից, Էրզրումից, Բայազետից գաղթած տասնյակ ընտանիքներ։

Գյուղի հիմնադրումից երկու տարի անց՝ 1923 թվականին, բացվում է գյուղի դպրոցը։ Սկզբում դպրոցը տարրական էր, այնուհետև՝ ութամյա, իսկ 1987 թվականին, երբ կառուցվել է նոր շենքը, դպրոցը դարձել է միջնակարգ։ Այժմ համայնքի բնակչության թիվը 680 է, իսկ դպրոցում սովորում են 80 աշակերտ։

1993 թվականին գյուղում կառուցվել է եկեղեցի։ Պահպանվում են «Կարմիրեղցի» և «Բերդ» ամրոցների ավերակները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մարտունու մշտական բնակչությունը կազմել է 500, առկա բնակչությունը՝ 484 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է եկել Արևմտյան Հայաստանից (Կարսից, Էրզրումից, Բիթլիսից, Մուշից, մի մասը՝ Տավուշի մարզի Այգեձոր և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից։ Մարտունու բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1926 457 մարդ [3]
1939 602 մարդ [3]
1959 867 մարդ [3]
1970 711 մարդ [3]
1979 673 մարդ [3]
1989 606 մարդ [3]
2001 696 մարդ [3]
2011 500 մարդ [4]


Գյուղի հիմնադրումից երկու տարի անց՝ 1923 թվականին,բացվել է Մարտունի գյուղի դպրոցը,որն ունի է տարբեր տարիքի աշակերտներ։ Դպրոցի ստեղծման գործում մեծ դեր են ունեցել Ստեփան և Աշխեն Վարդանյանները ովքեր Ադրբեջանի Շամախի քաղաքից էին։ Նրանք շատ երկար տարիներ աշխատել են դպրոցում և ուսուցանել երեխաներին։ Իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար ստացել են Լենինի շքանշան և արժանացել Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչուման։ Դպրոցը մինչև 1987 թվականը տարրական էր, բայց երբ կառուցվել է դպրոցի նոր շենքը, այն ստացել է միջնակարգի կարգավիճակ։ Կառուցման գործում մեծ նշանակություն են ունեցել Գուրգեն Խաչատրյանը, Արշավիր Խաչատրյանը և Խաչիկ Նահապետյանը։

Գյուղի դպրոցի տարածքում ստեղծվել է մանկապարտեզ 20 երեխայի համար։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին գյուղում բացվել է բուժկետը, որտեղ իրականացվում են կանանց կրծքագեղձի, արգանդի վզիկի և վահանաձև գեղձի զննում քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով, խորհրդատվություն և ուղղորդում նեղ մասնագետի մոտ։ Կատարվում է մասնագիտական խորհրդատվություն զանգվածային զննումներ իրականացնելիս, իրականացվում է ատամնափուտի (կարիեսի) կանխարգելում և բուժում դպրոցահասակ երեխաների շրջանում[5]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Գետկավանք, 9-12-րդ դարերի հուշարձանախումբ։ Գտնվում է Մարտունի (գյուղ)-ում։ Հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոն 'Հին Գետիկ վանք'ում կարևոր դեր է ունեցել Մխիթար Գոշը։ Երկրաշարժից Գետիկ վանքը կործանվելուց հետո Մխիթար Գոշը դիմել է Զաքարե և Իվանե իշխաններին՝ խնդրելով նոր տեղ վանքի կառուցման համար, քանի որ հինը վերականգնելն անհնար էր։ Զաքարյան իշխանները հատկացրել են Տանձոտի ձորը, ուր կառուցվել է Նոր Գետիկը։ Հուշարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից, միաբանության շենքերից և այլ կառույցներից։ Համալիրում հնագույն շինությունը խաչաձև հատակագծով, չորս ավանդատներով, կոպտատաշ քարով շարված գրեթե կանգուն եկեղեցին է (9--10-րդ դդ.)։ 12-րդ դարում կառուցված գլխավոր եկեղեցին երկաստիճան գետնախարիսխի վրա հաստատված, չորս անկյուններում կրկնահատակ ավանդատներով գմբեթասրահ է ( 12 * 17 մ)՝ երեսպատված բազմագույն սրբատաշ քարերով։ Հյուսիսային ճակատը մշակված է հովհարաձև ավարտով պսակված եռանկյունաձև երկու խորշով, որոնց միջև բացվող մուտքը կենտրոնից քիչ արևմուտք է երիզված երկրաչափական նախշերով քանդակազարդ շրջանակով։ Արտակարգ շքեղությամբ առավել ուշագրավ է եկեղեցու արևմտյան մուտքը, որի միակտուր քարից կողերի և դրանց հաջորդող դեկորատիվ զույգ որմնասյուների միջև որմի մակերեսը մշակված է շեղանկյուն քարե սալիկներով։ Եկեղեցուն արևմուտքից կից է կոպտատաշ քարից մի շինություն, հավանաբար՝ ժամատուն։ Հայտնաբերվել են եկեղեցու արտաքին և ներքին հարդարանքի բազմաթիվ բեկորներ, շինարարական և նվիրատվական արձանագրությունների մասեր, 9--13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր։ Եկեղեցու մի քանի քարերի վրա փորագրված է քարագործ վարպետի անվան Խ սկզբնատառը։ Հին գետիկի ճարտարապետն է Հովասափը։

Շավարշավանք

Շավարշավանքը գյուղի պահպանված եկեղեցին է։ Կառուցել է Վարպետ Ռուբեն Մարտիրոսյանը 1991֊1992 թվականներին Շավարշ Խաչատրյանի հովանավորությամբ։ Գտնվում է «Վերի Թաղ» կոչվող թաղամասում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գեղարքունիքի մարզի մարդահաշիվ
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 135. — 184 p.
  4. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  5. [Հայաստանի հանրային ռադիո «Մարտունի՝ խորհրդանշական գյուղ»]. 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է http://mediagid.am/am/news/martuni-orhrdanshakan-gyugh-1353190-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն); External link in |access-date= (օգնություն)